ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած, ինչպես նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին:
«Ողջունում եմ բոլոր ներկաներին։ Մենք ձեզանով հպարտանում ենք։ Ամեն երկիր, ամեն ազգ աշխարհին ներկայանալու խնդիր ունի տարբեր ոլորտներում։ Մենք ներկայանում ենք աշխարհին՝ ցույց տալով մեր անձնագիրը։ Եվ այդ անձնագրի էջերից մեկը դուք եք։ Դուք բարձր եք պահում մեր երկրի պատիվը։ Երբ դրոշ է ծածանվում, դա ամենամեծ հպարտությունն է։ Մարզիկներն իրենց կռվը տվեցին և՛ սպորտային աշխարհում, և՛ ռազմի դաշտում։ Փառք մեր բոլոր զինվորներին։ Փառք նրանց, ովքեր կան այսօր և պետք է շարունակեն պայքարը, որպեսզի զարգանանք ու հզորանանք։ Ավելի բարդ իրավիճակներ են եղել մեր կյանքում, բայց հաղթահարել ենք։ Այլ իրավունք չունենք։ Տարին անցնում է։ Բոլորս ուզում ենք հույս ունենալ, որ 2021-ը էապես պետք է լավը լինի մեր ազգի, պետության համար ու որևէ եզր չունենա նախորդ տարվա հետ։ Բոլորիդ մաղթում եմ առողջություն, երջանկություն, հզորություն։ Մենք մեր հնարավորության համեստ շրջանակում ձեզ արժանացրել ենք մեր ուշադրությանը։ Դուք արժանի եք ավելիին։ Իմացեք, որ մենք միասին ենք և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր սպորտը զարգանա ու հայ մարզիկը բարձր տիտղոսներ նվաճի միջազգային ասպարեզում»,-իր խոսքում ասաց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը։
ԿԳՄՍ ոսկե մեդալով պարգևատրվեց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Սամբոյի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։
2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը: