Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։
Առաջին կեսն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ, սակայն որևէ լուրջ պահ Կամպանյայի թիմը չստեղծեց մրցակցի դարպասի մոտ։
Հանդիպման մեկնարկում երկու թիմերի գործողություններում էլ զգուշավորություն էր նկատվում։ 9-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը ձախ եզրում ստացավ տուգանային հարվածի իրավունք։ Ալեմաոյի փոխանցումից հետո գնդակը դուրս եկավ դաշտի եզրային գծից։
18-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, մրցակցի ֆուտբոլիստի հարվածից հետո Ստեֆան Չուպիչը հետ մղեց գնդակը։ Գրոհը շարունակվեց ձախ եզրով, որտեղից հետևեց փոխանցում տուգանային հրապարակ ու «Ցելյեի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Վտանգավոր պահից հետո «Արարատ-Արմենիան» սկսեց գնդակն ավելի շատ խաղարկել սեփական կիսադաշտում, իսկ հյուրերը հաճախակի խախտում էին կանոնները։ Երկու թիմերի գործողություններում էլ պակասում էր գրոհների սրությունը։
Երկրորդ խաղակեսը թիմերն ավելի ակտիվ սկսեցին ու գնդակն ավելի արագ էին խաղարկում։ 50-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը սեփական կիսադաշտում խլեց գնդակն ու միայնակ հասնելով մրցակցի տուգանայինի մատույցներ՝ աջ եզրից հեռահար հարված կատարեց, որը շեղ ստացվեց։ Րոպեներ անց ձախ եզրից ստացած փոխանցումը գլխի հարվածով չկարողացավ արդյունավետ եզրափակել կենտրոնական հարձակվող Ջեյսոն Մարտինեսը։ Գնդակը դաշտի կենտրոնում գրեթե չէր մնում, սակայն լուսատախտակին շարունակում էին զրոներ մնալ։ Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտեց և խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։