Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը առաջինն էր եվրոպական թոփ-5 լիգաներից, որը վերադարձավ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո։
26-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» հյուրընկալել էր «Շալկեին»։
Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը ու վերադարձից հետո առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ։ Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ Մինչև ընդմիջում Ռաֆայել Գերեյրոն կրկնապատկեց «Բորուսիայի» առավելությունը։
48-րդ րոպեին Թորգան Ազարը հաշիվը խոշոր դարձրեց։ 63-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոն, գրանցելով Բունդեսլիգայում իր առաջին դուբլը, ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4-0։
Այս արդյունքից հետո «Բորուսիան» միավորների քանակը հասցնում է 54-ի ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում։