Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում հանդես է գալիս Եվրոպայի թիմում, հերթական հաղթանակն է տարել՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ հաղթանակն էր օնլայն մրցաշարում:
Խաղարկության 5-րդ տուրում Եվրոպայի թիմը մրցել է Մնացած աշխարհի թիմի հետ ու 2.5-1.5 հաշվով հաղթանակ տարել:
Եվրոպայի թիմից հաղթանակներ են տարել նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Նանա Ջագնիձեն: Անիշ Գիրին պարտություն է կրել:
Մրցաշարի առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ 9 միավորով: Եվրոպայի թիմը երկրորդն է՝ 7 միավորով: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը 5-ական միավոր են վաստակել:
Այժմ մեկնարկել է 6-րդ տուրը. Արոնյանի թիմի մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է: Հայ գրոսմայստերն ուժերը կչափի Վլադիսլավ Արտեմևի հետ: