«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, որը հիմա հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում, խոսել է թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Կարող եմ միայն բարձր կարծիք հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի մասին՝ որպես ֆուտբոլիստ, և որպես մարզիկ։ Նա հիասքանչ է պատրաստված ու ուշադիր է մանրուքների նկատմամբ։
Մեսսին այլմոլորակային է։ Ամեն անգամ, երբ ես խաղում էի նրա դեմ, ինձ համար շատ դժվար էր։ Նրան կանգնեցնելը գրեթե անհնար է։ Տեղափոխվելով նրա թիմ՝ ես տեսնում եմ, որ նա ֆենոմեն է։ Երբ գնդակը նրա մոտ է, ինչ-որ բան հաստատ լինելու է՝ գոլ, գոլային փոխանցում, անհավանական փոխանցում։ Նա հանճար է։
Մինչև «Բարսելոնա» տեղափոխվելը ես տեսնում էի, որ Մեսսին ունի խնդիրներ ու նա լավ վիճակում չէ։ Բայց հիմա ես տեսնում եմ, որ նա մոտիվացված է ու կենտրոնացած է աշխատանքի վրա։ Մենք պետք է օգնենք նրան, որպեսզի նրա խաղն ավելի լավը դառնա։ Երբ Մեսսին խաղում է քեզ համար, պետք է օգտվես առավելությունից ու փորձես հաղթել ամեն ինչ», – Պյանիչի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Յուվենտուսին»։
























































