ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ Քաթարի 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը հնարավոր է փոփոխության ենթարկվի:
«Ես անհանգստանում եմ, որ սա իրական խնդիր է, հատկապես եթե համաճարակը չդադարի, չնահանջի, և մենք սկսենք նորմալ խաղալ: Եվրոպայում ազգային հավաքականների հանդիպումները շարունակվում են, ուստի ուզում եմ շնորհավորել ՈւԵՖԱ-ին: CONMEBOL-ի (Հարավային Ամերիկա) ընտրական փուլը կսկսվի հոկտեմբերին:
Մենք մշակում ենք խաղերի անցկացման արձանագրություն, այն պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթ, մենք ուզում ենք կոնֆեդերացիաներին գործիքներ տալ խաղերը շարունակելու համար, բայց մենք չենք ուզում որևէ բան պարտադրել, մենք ուզում ենք, որ ամեն ինչ սահուն անցնի»:
ՖԻՖԱ-ի նախագահը նաև նշեց, որ իրենք նախատեսում են միջազգային հանդիպումների նոր պատուհան 2022-ի հունվարին: Ընտրական փուլի հանդիպումները կընթանան հունիսին, այլ ոչ թե մարտին․ «Այս ողբերգական իրավիճակում մենք մի փոքր բախտավոր ենք, որ աշխարհի առաջնությնունը կանցկացնենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Սա մեզ մի փոքր ավելի շատ ժամանակ է տալիս:
Մենք պետք է աշխատենք, որպեսզի համոզվենք, որ ընտրական հանդիպումները կխաղարկվեն: Հունվարյան պատուհանի մասին նշեցի, եթե անհրաժեշտություն լինի, մենք պետք է այլ պատուհաններ գտնենք:
Կոնֆեդերացիաների հետ մեկ այլ ծրագիրն այն է, որ հանդիպումները կարող են անցկացվել մեկ տեղում, այլ ոչ թե «տնային և արտագնա» ձևաչափով: Մենք պետք է համոզվենք, որ ընտրական փուլը կկայանա, և որ 2022-ին մեզ սպասվում է ֆանտաստիկ աշխարհի առաջնություն», — մեջբերում է ՖԻՖԱ-ի նախագահին ТАСС-ը:
Նշենք, որ ԱԱ-2022-ի բացման հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։ Եզրափակիչ հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարը կանցկացվի Քաթարում։