Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների օգտատերերն արդեն կարող են ներբեռնել հայկական ֆուտբոլի մասին առաջին հավելվածը։ Այն ստեղծելու միտքը երկար պլանավորված չի եղել․
«Հավելվածի ստեղծման գաղափարը եկել է մոտ երկուսուկես ամիս առաջ՝ նախորդ առաջնության ավարտին։ Այն ծագել է գործընկերոջս՝ Արմեն Մելքումյանի մոտ, որը հայկական ֆուտբոլով առանձնապես չէր հետաքրքրվում, բայց այնպես էր ստացվել, որ հետաքրքրվում էր UI/UX-ի դասընթացներով ու առաջադրանքներից մեկը ինչ-որ հավելվածի դիզայնավորումն էր»,- ArmSport-ի հետ զրույցում պատմում է Ռոբերտ Մարկոսյանը, որին էլ Արմենը դիմել է ու միասին սկսել են զարգացնել հավելված ստեղծելու միտքը։
IOS համակարգից օգտվողների համար AFScore-ը հասանելի կլինի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին։ Ռոբերտի խոսքով՝ այն մի փոքր ավելի երկար ժամանակ է պահանջում ու տարեկան վճարն ավելի շատ է, այդ ուղղությամբ աշխատանքներ, այդուհանդերձ, արդեն տարվում են։
Եթե դեռ չեք հասցրել ներբեռնել հավելվածը, ապա հարկ է իմանալ, որ այնտեղ կարելի է գտնել Հայաստանի Պրեմիեր լիգայի ու Առաջին խմբի առաջնության, Հայաստանի հավաքականի, եվրագավաթներում հայկական թիմերի խաղերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։ Իսկ շուտով կլինեն նաև ֆուտբոլիստների անհատական տվյալները, նրանց կարիերայի ընթացքում կայացած տրանսֆերները։ Օգտատերերը կարող են այստեղ հետևել նաև լրահոսին։
Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Լրահոսը հասանելի է առայժմ միայն հայերենով, բայց շուտով կթողարկվեն նաև մյուս լեզուներով տարբերակները։
«Կուզեմ մարդկանց շահագրգռել, որ օգտվեն հավելվածից, որովհետև այն իսկապես հարմար է ու ընթացքում դրական փոփոխություններ լինելու են։ Շատ հեռուն գնացող նպատակներ ունենք։ Կցանկանամ նաև feedback-եր ստանալ»,- մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Ռոբերտը։
Իսկ հավելվածը կարող եք ձեռք բերել նաև այստեղից։
Ստելլա Բաբլոյան