ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն դիմել է Իտալիայի իշխանություններին՝ կոչ անելով պայքարել տեղական ֆուտբոլում ռասիզմի դեմ:
«Ռասիզմի դեմ պայքարում են կրթությամբ, դատարապարտելով ու քննարկելով: Ռասիզմ չպետք է լինի հասարակության մեջ կամ ֆուտբոլում: Իտալիայում իրավիճակը չի բարելավվում, և դա շատ լուրջ է: Պետք է բացահայտել մեղավորներին ու նրանց վռնդել մարզադաշտերից:
Դուք պետք է վստահություն ունենաք պատժելիս, ինչպես Անգլիայում է: Դուք չպետք է վախենաք դատապարտել ռասիստներին, մենք պետք է պայքարենք նրանց դեմ, քանի դեռ նրանք կանգ չեն առնի», — Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերել Associated Press-ը՝ հղում անելով RAI-ն:
Ավելի վաղ Ա Սերիայի 2-րդ տուրում «Կալյարիի» հետ խաղում երկրպագուները ռասայական պատկանելության հողի վրա վիրավորել էին «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Հետո «Ինտերի» ֆանատական խմբավորումը՝ Gurva Nord-ը, նամակ էր հրապարակել՝ հասցեագրված Լուկակուին: Նրանց խոսքով՝ դա հարգանքի տուրք էր եղել, ոչ թե ռասիզմի դրսևրում: