Արդեն հայտնի է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար:
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոն հայտացուցակում ընդգրկվել է որպես «Արարատի» ֆուտբոլիստ, չնայած մինչ այժմ ոչ երևանյան ակումբը, ոչ էլ «Շիրակը» պաշտոնապես չեն հայտարարել ֆուտբոլիստի տեղափոխության մասին:
Նշենք, որ Սոլոմոնը ընդգրկված է «Շիրակի» հայտացուցակում՝ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի՝ ՖԱՍԲ-ի («Ստյաուա») հետ խաղի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստը բանակցություն է վարում «Աստանայի» հետ։ Այն, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ղազախստանում և կողմերը բանակցություններ են վարում, գրել էր «РБ-Спорт Казахстан»-ը՝ հղում կատարելով անմիջապես ֆուտբոլիստին:
Ավելի ուշ, ՀՖՖ պաշտոնական կայքում Սոլոմոն Ուդեի ակումբային պատկանելությունը փոխվեց. «Արարատի» փոխարեն նշվել է «Շիրակ»: Ամենայն հավանականությամբ դա պարզապես սխալմունք է եղել, որն այնուհետև շտկվել է:
ArmSport-ի աղբյուրի համաձայն, սակայն, Հայաստանի հավաքականի նորեկը հետագայում, եթե Հայաստանից դուրս որևէ այլ ակումբ չտեղափոխվի, ապա կմիանա հենց «Արարատին»:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Իսկ 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն: