«Երբեք մի՛ դադարեք երազել: Երբեք մի՛ հանձնվեք, երբ ձախողվում եք: Քրտնաջան աշխատեք ձեր նպատակին հասնելու համար»,-Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը նվաճելուց անմիջապես հետո թվիթերյան իր էջում գրել է Ռոբերտ Լևանդովսկին, որը երեկ առաջին անգամ գլխավերևում պահեց այդքան սպասված գավաթը :
Never stop dreaming. Never give up when you fail. Work hard to achieve your goal🏆💪 @fcbayern #MiaSanMia pic.twitter.com/iYTD8ROYoK
— Robert Lewandowski (@lewy_official) August 23, 2020
Իսկ հեռավոր 2006 թվականին ֆիզիկապես թույլ լինելու պատճառով նրան հեռացրեցին «Լեգիայի» 2-րդ թիմից:
«Նա շատ նիհար էր: Ոտքերն ասես փայտեր լինեին, ու ես միշտ վախենում էի, որ ուրիշները կկոտրեն դրանք»,- վերհիշում է ֆուտբոլիստի առաջին մարզիչներից մեկը՝ Քրիստոֆ Սիկորսկին:
Սակայն, եթե պատմությունն այլ ընթացք ունենար, գուցե, Լևանդովսկին չլիներ այն, ինչ այսօր է:
Մինչ կարիերայի աստիճաններով բարձրանալը Ռոբերտը նախ երկու տարի խաղաց Լեհաստանի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Զնիչում», ապա տեղափոխվեց Պոզնանի «Լեխ», որտեղից էլ 2 տարի անց հայտնվեց Դորտմունդում:
Այստեղ երբեմնի տկար տղան իր աշխատասիրությամբ ձեռք բերած «նոր մարմնով» թիմակիցների կողմից ստացավ «The Body» («Մարմինը») մականունը:
«Բորուսիայի» հետ լեհ ֆուտբոլիստը երկու անգամ նվաճեց Բունդեսլիգայի չեմպիոնությունը, իսկ 2012/13 մրցաշրջանում դորտմունդցիները հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջեցին Մյունխենի «Բավարիային»:
Գնալով իր երազանքի հետևից՝ մյուս մրցաշրջանը Ռոբերտը արդեն սկսեց հենց «Բավարիայի» մարզաշապիկով և 6 տարի անց մյունխենցիների հետ միանգամից 3 տիտղոս նվաճեց:
2019/20 մրցաշրջանում՝ ավելի վաղ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնությունը և Գերմանիայի գավաթը՝ Լևանդովսկին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հաղթել է երեք մրցաշարերում և դարձել է յուրաքանչյուր մրցաշարի լավագույն ռմբարկու: 32-ամյա լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում դարձել է 34 գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայում՝ 15, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 6:
2016 թվականին, երբ Պեպ Գվարդիոլան հեռացավ «Բավարիայի» ղեկից, իսպանական AS պարբերականի հետ զրույցում չէր թաքցրել Լևանդովսկու աշխատասիրության հանդեպ իր հիացմունքը:
«Նա ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, որին ես երբևէ հանդիպել եմ: Իր գլխում նա 24 ժամ շարունակ մտածում է ճիշտ սննդի, քնի և մարզումների մասին: Նա երբեք վնասվածք չի ստանում, որովհետև միշտ կենտրոնացած է այս ամենի վրա:
Նա միշտ գիտի, թե լավագույն մարզավիճակում լինելու համար ինչն է կարևոր: Ամենաառաջին րոպեից սկսած նա ինձ միշտ գոհացրել է»,- անկեղծացել էր ֆուտբոլիստի նախկին մարզիչը:
Ամենամոտիվացնող ֆուտբոլիստներից մեկն իր խիստ ռեժիմը պահպանում է կարատեիստ կնոջ՝ Աննայի օգնությամբ
«Տանը մարզասրահ ունենք, որտեղ ես հանգստյան օրերին սովորաբար մարզվում եմ կնոջս՝ Աննայի հետ:
Երբեմն կոնցենտրացիայի հետ կապված հատուկ վարժություններ եմ անում, ինչը շատ կարևոր է հարձակվողի համար: Ինձ ուժ է պետք, որ կարողանամ հաղթահարել ուժեղ պաշտպանների արգելքները»,- հարցազրույցներից մեկում մանրամասնել է Լևանդովսկին, որը վերջին ժամանակներս գրանցած արդյունքների շնորհիվ ստացել է «ԼևանԳՈԼսկի» մականունը:
Լեհ գոլահարը հրաժարվել է կաթնամթերքից, ալկոհոլ գրեթե չի օգտագործում (հազվադեպ միայն կարմիր գինի), քնելուց առաջ տանը վառված է մնում միայն թույլ լույս, անջատում են բոլոր էկրաններն ու մոնիտորները, մի կողմ դնում սմարթֆոնները: Աննան ու Ռոբերտը լիցքաթափվելու համար օգտագործում են լավանդայի յուղ, որը կարելի է քսել հենց բարձին:
Լևանդովսկին նույնիսկ խորհրդակցել է ճիշտ քնելու ուղղությամբ մասնագիտացած թերապևտի հետ, որը նրան խորհուրդ է տվել քնել միայն ձախ կողմի վրա պառկած: Ինչո՞ւ: Որպեսզի հարվածող աջ ոտքն ազատի հավելյալ ծանրաբեռնվածությունից:
Ռոբերտը հոգեբանի հետ քննարկել է նախախաղային ծիսակարգերը. սկզբում նա հագնում է ձախ խաղակոշիկը: Հոգեբանը նրան խորհուրդ է տվել այդ ավանդույթը հասցնել ավտոմատացման:
Նա վիդեոխաղեր չի խաղում, կարդում է գրքեր, ուղեղի զարգացմանն ուղղված վարժություններ անում:
Երբ նոր էր տեղափոխվել Դորտմունդ, նվազագույնի էր հասցրել լեհերի հետ շփումը, որպեսզի արագ սովորի գերմաներեն:
Կարճ ասած, առանց ինքնազարգացման այսօրվա Ռոբերտ Լևանդովսկին ուղղակի չէր լինի:
«Հիշե՛ք, յուրաքանչյուր հաջողություն ամենօրյա կրկնվող մարզումների համագումարն է: Կանգ մի՛ առեք»,- խորհուրդ է տալիս աշխատասեր Լևանդովսկին:
View this post on Instagram
Remember, each success is the sum of workouts repeated each day. Don’t stop! 💪 #RL9
Ստելլա Բաբլոյան