Հայաստանի հրաձգության հավաքականը օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը Բաքվում պետք է մասնակցեր աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, սակայն չմեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ArmSport-ի հետ զրույցում պատմել է առաջնությանը չմասնակցելու որոշման պատճառների և դրա մարզական հետևանքների մասին:
«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մարզիկների ծնողներն անհանգիստ էին, վախ կար իրենց մեջ: Այդ իսկ պատճառով որոշեցինք չմեկնել»,- ասում է Սեյրան Նիկողոսյանը:
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տվե՞լ էր Հայաստանի ֆեդերացիային, Սեյրան Նիկողոսյանը մասնավորապես ասում է. «Մենք, թիմը լիովին պատրաստ էինք, բայց իրավիճակը գնալով խառնվեց, ծնողներն էլ վախեցան: Այո, երաշխիքներ տվել էին, բայց եթե վախը կա ծնողի մեջ՝ արդեն պատկերացրեք»:
Հիշեցնենք՝ նախատեսվում էր, որ Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեն Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Երջանիկ Ավետիսյանը, Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը և Հովհաննես Մարգարյանը:
Մարզչի գնահատմամբ՝ ԱԱ-ն բաց թողնելն, իհարկե, հարված է. «Բավական վատ վիճակ է ստեղծվում: Աշխարհի առաջնությունը 4 տարին մեկ է անցկացվում, բացի այդ էլ այն վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներն ՕԽ ուղեգիր էին ապահովելու, իսկ այն մարզիկները, որոնք արդեն իսկ վարկանիշային միավորներ ունեն, կարող էին 8-9-րդ տեղը զբաղեցնելով էլ ուղեգիր ապահովել: Հաջորդ վարկանիշային մրցաշարը Եվրոպայի առաջնությունն է, որը կկայանա 2024 թվականի փետրվարին»:
Սեյրան Նիկողոսյանի դիտարկմամբ՝ ունենք լավ մարզիկներ, որոնք ի զորու կլինեն ՕԽ վարկանիշ ապահովել Եվրոպայի առաջնության արդյունքներով: Հիշեցնենք՝ հրաձիգներից Փարիզում իր մասնակցությունը դեռևս ապահովել է միայն Էլմիրա Կարապետյանը:
Առաջիկայում էլ՝ սեպտեմբեր ամսին, հայ հրաձիգները նախատեսում են 2 մարզիկով մասնակցել Բրազիլիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: