Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը խոսել է «Մեծ եռյակի» մասին ու բացատրել է, թե ինչու է Ֆեդերերին համարում բոլոր ժամանակների լավագույն խաղացողը։
«Ես Ռոջերին համարում եմ բոլոր ժամանակների լավագույն խաղացող։ Իր հմտությունների հավաքածուով, նրանով, թե ինչպես է նա խաղում, դա մաքուր ճշմարտություն է։ Ես իսկապես կարծում եմ, որ տաղանդաշատ Նադալն ու Ջոկովիչը անգամ մոտ չեն Ռոջերին։ Ֆեդերերի խաղաոճը, նրա մատուցումը, օդից հարվածները․․․ամեն ինչ տաղանդավոր է»,-Կիրիոսի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։
Ամեն դեպքում Կիրիոսը կարծում է, որ «մեծ եռյակից» յուրաքանչյուրը իր ձևով է լավագույնը․
«Ես չեմ կարծում, որ մենք երբևէ կտեսնենք ինչ-որ մեկին, ով այնպես կգերիշխի իր ժամանակում, որքան Նովակը։ Նրա 60 խաղ շարունակվող շարքը, կամ նման մի բան․․․Ես առհասարակ կարծում եմ, որ Էնդի Մարեյի դեմ ինձ ավելի բարդ է, քան Նովակի դեմ։ Այսինքն, ես Նովակի հետ երկու անգամ եմ խաղացել, իսկ Էնդիի հետ՝ վեց անգամ ու հաշիվը 1-5 է։
Ես նաև կարծում եմ, որ կարող եմ խաղալ Նադալի հետ։ Ես կարող եմ ճիշտ ոճով խաղալ, որպեսզի հասնեմ հաջողության նրա դեմ։ Ռոլան Գարոսի 13 տիտղո՞ս։ Մենք երբեք չենք տեսնի մեկին, ով այդքան գերիշխող է մեկ կորտում։ Դա զարմանալի նվաճում է, Ռաֆան լավագույն թենիսիստն է գրունտի վրա բոլոր ժամանակներում։ Դա զվարճալի է, որովհետև ես կարծում եմ, որ Ռոջերը բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն է, բայց ոչ մեծագույնը այս ժամանակաշրջանում, որովհետև Ռաֆայի հետ խաղերում նա այդքան էլ լավը չէ»,-ասել է Կիրիոսը։