«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է այն մասին, թե հարձակողական ոճի որ ֆուտբոլիստները պետք է ընդգրկվեն Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում։
«Եթե ես ընտրեի հենց հիմա, ապա Բուկայո Սակայի փոխարեն Անգլիայի հավաքական կվերցնեի Քոուլ Պալմերին: Չեմ կարծում, որ Պալմերի խաղն ու որակը կարելի է անտեսել: Այժմ նա Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա նույնիսկ կարող է դառնալ տարվա լավագույն խաղացող, գուցե նվաճել «Ոսկե խաղակոշիկը», և սա այն թիմում, որը դժվարություններ է ապրում», — Օուենի խոսքն է մեջբերել Gambling Zone-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։