Մեքսիկայի Գուանախուատո նահանգի Իռապուատո քաղաքում զինված հարձակման հետևանքով սպանվել է 26-ամյա ֆուտբոլիստ Լուիս Ալբերտո Ռիոս Չավեսը, որը հայտնի էր «Էլ Մորե» մականունով։
Ինչպես հայտնում են TV Azteca-ն և մեքսիկական այլ լրատվամիջոցներ, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին՝ տեղի «Լա Էստրելյա» ֆուտբոլային դաշտում։ Հանդիպման ավարտից հետո զինված անձինք մոտեցել են մարզահրապարակին, կրակ բացել ֆուտբոլիստի ուղղությամբ և մոտոցիկլետով դիմել փախուստի։
Ռիոս Չավեսը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև ևս մեկ տղամարդ, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ կրակոցների պահին տուժածները խաղին չէին մասնակցում, այլ ընկերների հետ գտնվում էին մարզահրապարակի տարածքում։ Հանցագործության շարժառիթները դեռևս հայտնի չեն, իսկ հարձակվողների ինքնությունը չի պարզվել։
Լուիս Ալբերտո Ռիոս Չավեսը նախկինում հանդես է եկել «Ատլետիկո Սան Ֆրանցիսկո դել Ռինկոն» ակումբում, որի կազմում դարձել է Մեքսիկայի երրորդ դիվիզիոնի չեմպիոն։ Վերջին շրջանում նա խաղում էր սիրողական «Արանդաս» թիմում և զուգահեռաբար մարզչական աշխատանք էր կատարում «Լորոս» ֆուտբոլային ակադեմիայում՝ մարզելով երեխաներին։ Ողբերգական լուրից հետո նրա ընկերներն ու տեղական ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները ցավակցական գրառումներով հարգել են ֆուտբոլիստի հիշատակը։
























































