Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ և զիջել 0։2 հաշվով։
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել։ Դաշտի տերերն ունեցել են տարածքային և խաղային առավելություն, սակայն հայկական թիմի դարպասապահ Ներսեսյանը մի քանի դրվագում՝ մասնավորապես 3-րդ, 11-րդ և 32-րդ րոպեներին, փրկել է իր թիմին՝ հետ մղելով Վերտեսենի, Բայդուի և Լինդստրյոմի հարվածները։ 44-րդ րոպեին էլ Դիակիտեի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին։
Հանդիպման հաշիվը բացվել է երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 48-րդ րոպեին Լեանդրո Մորգալայի փոխանցումից հետո աչքի է ընկել Բարտոշ Մազուրեկը։ Ընդամենը երեք րոպե անց՝ 51-րդ րոպեին, Մազուրեկի մասնակցությամբ գրոհի ժամանակ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Մաքսենս Կառլիեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ կրկնապատկելով մրցակցի առավելությունը։
Խաղի վերջնամասում՝ 84-րդ րոպեին, «Արարատ-Արմենիան» մոտ է եղել հաշվի տարբերությունը կրճատելուն, սակայն Ֆրանսայի հարվածից հետո ավստրիացիների դարպասապահ Զավիշիցկին փրկել է իր թիմին։
Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին մրցավարը, VAR համակարգի օգնությամբ դիտելով դրվագը, 11-մետրանոց հարված է նշանակել հայկական ակումբի դարպասին՝ Կամարայի նկատմամբ Կառլիեի թույլ տված խախտման համար։ 90+2-րդ րոպեին Կարիմ Կոնատեն իրացրել է 11-մետրանոցը, սակայն Ներսեսյանը վստահորեն հետ է մղել հարվածը՝ հաշիվը թողնելով անփոփոխ։
Հավելենք, որ «Արարատ-Արմենիայի» հաջորդ հանդիպումը Եվրոպա լիգայի շրջանակում կկայանա դեկտեմբերի 10-ին։ Հայկական ակումբը սեփական հարկի տակ կընդունի նիդեռլանդական «ՆԵԿ Նեյմեգենին»։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։45-ին։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































