Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը Երևանի «Արարատ-Արմենիայի» հետ, որտեղ ընդգրկված էր մարզչական շտաբում՝ որպես թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի օգնական։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղազարյանի հեռանալը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում նրա թեկնածության առաջադրմամբ․
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը։ Ինչպես արդեն հայտնի է, Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ «Արարատ-Արմենիա» ակումբը մաղթում է նրան հաջողություն։ Վստահ ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները կարող են հայկական ֆուտբոլում իրական փոփոխություններ ապահովել»,– ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Նոյեմբերի 10-ին Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հաստատել էր իր առաջադրման որոշումը, իսկ օրեր անց նրա նախաձեռնությանը միացել էր նաև Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան և Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։


























































