Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ժամանել է ազգային թիմի ճամբար։ Չնայած ընտրանուն միանալուն՝ 26-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներում։
Ֆուտբոլիստը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը՝ ազգային թիմի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի անմիջական հսկողությամբ։ Համացանցում արդեն կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հավաքականի բժշկական շտաբն աշխատում Սպերցյանի հետ վերականգնողական փուլի շրջանակում։
Հիշեցնենք, որ Սպերցյանը վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին՝ Ասիական Չեմպիոնների լիգայի «Ալ Ահլի» – «Ալ Սադդ» (0:0) հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր առանց փոխարինման։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանի վերականգնումը կարող է տևել շուրջ մեկ ամիս։ «Ալ Ահլիի» մամուլի ծառայությունը ևս հաստատել էր, որ ֆուտբոլիստի բուժումն ընթանում է ակումբի և Հայաստանի հավաքականի բժշկական անձնակազմերի համատեղ աշխատանքի արդյունքում, սակայն խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում։
Ավագի բացակայությունը լուրջ կորուստ է Հայաստանի հավաքականի համար վճռորոշ խաղերից առաջ։ Ընդհանուր առմամբ, մեր ընտրանին Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C2 խմբի վերջին տուրերին մոտենում է կադրային լուրջ խնդիրներով. վնասվածքների պատճառով բացակայում են նաև Հենրի Ավագյանը, Սերգեյ Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Ֆինն Գերագուսյանը, իսկ Վահան Բիչախչյանը, Կամո Հովհաննիսյանն ու Էրիկ Սիմոնյանը նոր են ապաքինվել և դեռևս չեն գտնվում լավագույն մարզավիճակում։
Հավելենք, որ չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր։ Նոյեմբերի 12-ին մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։

























































