Իսպանացի հանրահայտ հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իտալական «Լացիոն» էր, որի շարքերը նա լքել էր այս ամռանը։
Իր հեռանալու մասին Պեդրոն հայտնել է սոցիալական ցանցերում արված հուզիչ գրառմամբ.
«Զգում եմ, որ ժամանակն է եկել։ Ժամանակն է առաջ քայլ անելու և կյանքիս նոր էջը սկսելու։ Ես հեռանում եմ հպարտությամբ, որ կարողացա երազանքս իրականություն դարձնել, և երախտագիտությամբ եմ լցված բոլոր նրանց հանդեպ, ովքեր իմ կողքին էին ու օգնեցին ինձ այս ճանապարհին։ Շնորհակալ եմ քեզ, ֆուտբո՛լ, ինձ այսքան երջանիկ դարձնելու համար»։
Կատալոնական «Բարսելոնայի» սանը կարող է հպարտանալ ֆանտաստիկ ֆուտբոլային ճանապարհով։ Իր հարուստ կարիերայի ընթացքում հարձակվողը հասցրել է փայլել նաև լոնդոնյան «Չելսիում» և իտալական մեկ այլ ակումբում՝ «Ռոմայում»։
Պեդրոն նվաճել է գրեթե հնարավոր ամեն ինչ և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակում։ Նա Իսպանիայի հնգակի և Անգլիայի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի, ինչպես նաև Եվրոպա լիգայի գավաթակիր։ Իսկ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է Աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Ընդհանուր առմամբ, փայլուն կարիերայի ընթացքում Պեդրոն նվաճել է 25 տիտղոս, անցկացրել 794 հանդիպում՝ դառնալով 197 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ:























































