«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Տոնի Ֆրեյշան կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը հնարավոր է մոտ ժամանակներս հրաժարական տա:
«Ակնկալում եմ, որ Պերեսը կլքի «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո: Նախորդ անգամ, երբ նրանք երեք մրցաշրջան անընդմեջ մնացին առանց տիտղոսների, Ֆլորենտինոն հրաժարական տվեց: Կարծում եմ՝ այժմ նույնը կկրկնվի»,- Ֆրեյշայի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը:
Նշենք, որ «արքայական» ակումբի ներկայիս նախագահն իր պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Ընդ որում, անցած հունիսին Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել էր «Ռեալի» նախագահի պաշտոնում՝ մինչև 2030 թվականը նախատեսված ժամկետով:
Հավելենք, որ ներկա պահին «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «սերուցքայիններին» գերազանցելով վեց միավորով:
























































