«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն արդեն հստակեցրել է, թե ինչպես է վարվելու թիմի աստղային հարձակվող Էրլինգ Հալանդի հետ, եթե ակումբը հեռացվի Անգլիայի Պրեմիեր լիգայից։
Ինչպես հայտնի է դարձել Football Insider-ին, «քաղաքայինները» նորվեգացու տրանսֆերի դիմաց հսկայական փոխհատուցում կպահանջեն, նույնիսկ եթե թիմն ուղարկվի Չեմպիոնշիփ։ Ակումբը մտադիր չէ դիտարկել իջեցված գնով ոչ մի առաջարկ, թեև ղեկավարությունը լիովին գիտակցում է, որ Հալանդի ելույթներն Անգլիայի ուժով երկրորդ դիվիզիոնում անհնար են։
Աղբյուրի տեղեկություններով՝ եվրոպական մի շարք գրանդներ պատրաստ են օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի ձեռք բերեն խաղացողին։ Սակայն հարձակվողի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքած պայմանագրում բացակայում է ցածր լիգա տեղափոխվելու դեպքում համաձայնագրի խզման կետը (ինչպես և թիմի մյուս առանցքային ֆուտբոլիստների պարագայում)։ Այդ իսկ պատճառով անգլիական գրանդը չի պատրաստվում չնչին գումարով բաժանվել Հալանդից կամ իր մյուս առաջատարներից:
Հիշեցնենք, որ 26-ամյա գոլահարի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականը։
























































