ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։
Չեռնոգորիայի հավաքականը երրորդ անգամ է ժամանել Երևան։ Նախորդ երկու այցերի ընթացքում թիմը պարտվել է՝ 2:3 և 0:1 հաշվով։ Առաջիկա հանդիպման մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է չեռոգորացիների ֆուտբոլիստը Ստեֆան Սավիչը։
«Այս անգամ նույնպես դժվար է լինելու, դա հաստատ է։ Նրանք նույնպես հաղթել են առաջին խաղում և մեծ ինքնավստահություն ունեն։ Այժմ այլ ժամանակներ են, երկու հավաքականներն էլ ամբողջությամբ փոխվել են։ Հանդիպումը ծանր ու դժվար է լինելու, բայց մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Համոզված եմ՝ կարող ենք հասնել մեր նպատակին»,- ասել է Սավիչը։
Չեռնոգորիայի հավաքականի պաշտպանը նաև նշել է, որ իր թիմը Երևան է ժամանել երեք միավոր վաստակելու նպատակով։
«Մենք ունենք մեր նպատակները և եկել ենք երեք միավորի հետևից։ Կիպրոսի դեմ խաղում երևաց, որ թիմում համախմբվածություն կա՝ ոչ միայն ֆուտբոլիստների միջև, այլև երկրպագուների հետ։ Հավաքականի շուրջ ամբողջ մթնոլորտը դրական է։ Գոհ ենք նրանից, թե ինչպես է ամեն ինչ ընթանում»,- նշել է Սավիչը։
Նա նաև անդրադարձել է Կիպրոսի դեմ խաղում գրանցված արդյունքը կրկնելու հնարավորությանը։
«Համոզված եմ, որ այս անգամ ևս ճիշտ մոտեցմամբ դուրս կգանք խաղադաշտ և կհասնենք այն նպատակին, որի համար եկել ենք։ Իհարկե, հույս ունեմ, որ կարող ենք կրկնել առաջին խաղի արդյունքը։ Մենք որակ ունենք, բոլորը պատրաստ են, այդ թվում՝ նրանք, ովքեր չեն հայտնվի հայտացուցակում։ Բոլոր տղաները մեծ ցանկություն ունեն խաղալու»,- մեջբերում է Սավիչին Vijesti-ն։
Սավիչը նախկինում արդեն խաղացել է Երևանում՝ Չեռնոգորիայի հավաքականի կազմում։ 2016 թվականին կայացած հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
Երկու հավաքականներն էլ Ազգերի լիգայի այս խաղարկությունը սկսել են հաղթանակով․ Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել է Կիպրոսին, իսկ Հայաստանը 2:0 հաշվով՝ Լատվիային։
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք հանդիպման մեկնարկը 20։00-ին է։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































