Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարությանը, որում «արքայական» ակումբն իրեն մեղադրել էր թիմի դեմ ուղղված հարձակումների մեջ և պահանջել էր հրաժարական տալ։
«Կարդացի հայտարարությունը։ Լիովին համամիտ եմ միայն մեկ մտքի հետ. Լա Լիգայի նախագահը մրցաշարի սեփականատերը չէ։ Մադրիդի «Ռեալի» նախագահը՝ նույնպես։
Բոլոր ակումբների շահերը ներկայացնելը պահանջում է հավասարության և արդարության պաշտպանություն: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե առանց «Ռեալի» Լա Լիգան «ոչինչ չարժե», կամ որ մրցավարները վնասում են «իրենց կերակրող բիզնեսին» (ինչն էլ հենց դարձավ իմ արձագանքի պատճառը), դրանց մասին նրանց հայտարարությունում ոչ մի բառ չկա։
Այժմ նրանք թաքնվում են այն բանի հետևում, թե իբր ես պատասխանել եմ «անկախ» լրագրողի։ Բայց ո՛չ այս նարատիվն է նոր, ո՛չ էլ այլ խնդիրներից ուշադրությունը շեղելու ռազմավարությունը։ Նրանք տարիներ շարունակ դա անում են իրենց հեռուստատեսությամբ և խոսափողերով՝ օրեցօր խոսելով «կեղծված» լիգայի մասին: Մի՛ փորձեք որպես ուրիշի կարծիք ներկայացնել այն խոսույթը, որն ինքներդ եք հեռարձակում ձեր ալիքներով։
Նրանք պահանջում են, որ ես նպաստեմ մրցաշարի անկողմնակալության նկատմամբ վստահության ամրապնդմանը: Հենց այդ պատճառով ես մերժում եմ այն նարատիվը, թե մրցավարները տրամադրված են «Ռեալի» դեմ։ Մրցավարի որոշումը քննադատելն օրինաչափ է։ Բայց յուրաքանչյուր անարդարություն հետապնդման ապացույցի վերածելը բոլորովին այլ բան է։ Սա արդյոք ամրապնդո՞ւմ է վստահությունը, թե՞ վնասում է իսպանական ֆուտբոլի իմիջին։
Նրանք շփոթում են չեզոքությունը անկախության հետ։ Եթե չեզոքություն ասելով նրանք հասկանում են ոչ մի հարցում կողմ չբռնելը` նույնիսկ ճշտի ու սխալի միջև, ապա նրանք ինձանից պահանջում են հրաժարվել իմ պատասխանատվությունից: Անկախությունը պահանջում է որոշումներ կայացնել սեփական դատողությամբ՝ առանց ճնշման և ենթարկվելու, բոլորի նկատմամբ կիրառելով միևնույն կանոնները և պաշտպանելով ընդհանուր շահը։ Դա ենթադրում է որոշումների և դիրքորոշումների ընդունում անգամ այն դեպքում, երբ դրանք դուր չեն գալիս «Ռեալին»։
Մեկ ակումբի շահերը պաշտպանել՝ չի նշանակում ընդունել նրա դիսկուրսը: Եվ բոլորին ներկայացնել՝ չի նշանակում ենթարկվել ամենահզորին։ Պետք է պաշտպանել մրցաշարի՝ Լա Լիգայի շահերը։ Ես Լա Լիգայի սեփականատերը չեմ և չեմ պատրաստվում այն ղեկավարել այնպես, կարծես այն պատկանում է մեկ ակումբի։ Ես հարգում եմ բոլորին և չեմ ենթարկվում ոչ մեկին»,- գրել է Տեբասը X-ի իր միկրոբլոգում։
Կարդացե՛ք նաև։ Ռեալը պաշտոնապես պահանջում է Լա Լիգայի նախագահի հրաժարականը
























































