«Բարսելոնան» ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել հարազատ «Կամպ Նոուն»՝ 2027/28 մրցաշրջանի մեկնարկին մարզադաշտի տանիքի տեղադրման աշխատանքներն ավարտելու նպատակով: Կատալոնական ակումբի ղեկավարությունը նաև հաստատել է Spotify վերակառուցման նախագծի համար լրացուցիչ 510 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթը, ինչի արդյունքում աշխատանքների ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 2 միլիարդ եվրոյի։
Ակումբի գանձապահ Ֆերան Օլիվեն տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հաստատել է նախնական պլանը. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Կամպ Նոուում», սակայն 2027/28 մրցաշրջանի առաջին հատվածը կանցկացնի Օլիմպիական «Մոնժուիկ» մարզադաշտում։ Ակնկալվում է, որ Իսպանիայի գործող չեմպիոնները վերջնականապես «Կամպ Նոու» կվերադառնան 2028 թվականի հունվարին։
Ներկայումս «Կամպ Նոուի» տարողունակությունը սահմանափակված է 62 000 նստատեղով, քանի որ շահագործվում է երեք տրիբունաներից միայն երկուսը։ Ըստ Օլիվեի՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը երրորդ հարկաբաժնի աստիճանական բացման շնորհիվ այդ թիվը կհասնի 75 հազարի։ 2028-ի հունվարին վերադարձի ժամանակ մարզադաշտը կտեղավորի 95 հազար հանդիսական, իսկ արդեն 2028/29 մրցաշրջանի մեկնարկին, երբ շինարարությունն ամբողջությամբ ավարտվի, տարողունակությունը կհասնի առավելագույն 105 հազարի։
2023 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքներն ընթանում են լուրջ ուշացումներով, ինչը մեծ ֆինանսական հարված է հասցրել ակումբին: Այդ իսկ պատճառով ակումբի անդամները ստիպված էին հաստատել 510 մլն եվրոյի նոր փաթեթը՝ նախագծի ձգձգումների տնտեսական վնասները ծածկելու համար։
Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործարքը բաղկացած է երկու բաղադրիչից.
300 մլն եվրո ուղղվելու է մարզադաշտի շինարարության ավարտին։ Նախագծի ծավալները զգալիորեն գերազանցել են նախնական պլանները՝ նոր հարմարությունների և տեխնոլոգիական բարդ լուծումների ավելացման պատճառով։
210 մլն եվրո ներգրավվելու է արժեթղթերի երկու թողարկումների միջոցով (յուրաքանչյուրը՝ 105-ական մլն եվրո, 2026թ․ հուլիսին և նույն տարվա հոկտեմբեր-նոյեմբերին)։ Դրանք ունեն մինչև 10 տարի մարման ժամկետ, ֆիքսված տոկոսադրույքներ և երաշխավորված են Լա Լիգայի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերի ապագա հեռուստատեսային եկամուտներով:
«Բարսելոնան» մեծ հույսեր է կապում նախագծի ավարտի հետ՝ ակնկալելով եկամուտների կտրուկ աճ տոմսերի վաճառքից, VIP հյուրընկալությունից, թանգարանից և հարակից այլ գործունեություններից։
Ժամանակացույցի հետ կապված ակումբն այլևս սխալվելու տեղ չունի, քանի որ ՈւԵՖԱ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ 2029 թվականին նորացված «Կամպ Նոուն» վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

























































