Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի Լամին Յամալի՝ «Ոսկե գնդակի» վերաբերյալ արած աղմկահարույց հայտարարությանը։
Նախօրեին երիտասարդ իսպանացին հայտարարել էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն իրենից բացի կարող է հավակնել միայն Կիլիան Մբապեն, սակայն վերջին մրցաշրջաններում նվաճած տիտղոսների շնորհիվ հենց ինքն է առավել շատ արժանի «Ոսկե գնդակին»։
Լրագրողների այն դիտարկմանը, թե Լամինը համարում է, որ բոլորից շատ է արժանի «Ոսկե գնդակին», Մոուրինյուն պատասխանել է.
«Ես չեմ կարող մեկնաբանել բոլորի հայտարարությունները։ Բայց ես հարգում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարծիքը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով Յամալը «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն։ Բացի այդ, 19-ամյա խաղացողը ազգային հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

























































