Անգլիական «Սանդերլենդը» բանակցություններ է սկսել կատալոնական «Բարսելոնայի» հետ՝ 22-ամյա կիսապաշտպան Մարկ Կասադոյի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստը չի մտնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ, ուստի նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն նոր տարբերակներ է փնտրում կարիերան շարունակելու համար:
Բացի «Սանդերլենդից», Կասադոյի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ևս մի քանի ակումբներ՝ «Ասթոն Վիլան», «Նյուքասլը», «Բրայթոնն» ու «Նոթինգհեմ Ֆորեստը»: Սակայն նշված հավակնորդներից միայն «սև կատուներն» են առաջին քայլն արել տրանսֆերի ուղղությամբ։
Ավելի վաղ Մարկը հնարավորություն ուներ տեղափոխվելու Սաուդյան Արաբիա և վաստակելու ահռելի գումարներ, սակայն ֆինանսական կողմն այնքան էլ չի հետաքրքրում Կասադոյին. նրա բացարձակ առաջնահերթությունը եվրոպական ֆուտբոլն է։
Տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» իր խաղացողի դիմաց պահանջելու է 30-ից 40 միլիոն եվրո։ Նման բարձր գինը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ և վանել պոտենցիալ գնորդներին:
Կատալոնական ակումբը լիովին պատրաստ է Կասադոյի հեռանալուն։ «Կապտանռնագույնները» նույնիսկ մրցաշրջանի հայտացուցակում խաղահամար չեն հատկացրել կիսապաշտպանին՝ նրա 17 համարի մարզաշապիկը փոխանցելով թիմի նորեկ Էնթոնի Գորդոնին։

























































