«Էլչեի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակը (5:0) ոչ մի կերպ չի փոխելու «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի՝ այս մրցաշրջանի համար նախանշած ծրագրերը։ Կենտրոնական հարձակվող ձեռք բերելու որոշումը վաղուց է կայացվել ու վերլուծվել՝ անկախ կիրակնօրյա խաղում խփած հինգ գնդակներից։ Այս մասին գրում է Sport.es-ը։
Ակումբը դեռ սպասում է Մարկ Կասադոյի հավանական հեռանալուն, ինչը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, ինչպես նաև Ալեխանդրո Բալդեի ապագայի հստակեցմանը: Դրան զուգահեռ՝ օրակարգում շարունակում է մնալ նոր հարձակվողի տրանսֆերի հարցը։ Դեռ նոյեմբերից Դեկուի գլխավոր նպատակակետը Խուլիան Ալվարեսն էր, սակայն այդ գործարքը բավականին բարդացել է։
Ճիշտ է, կան այլընտրանքային անուններ, սակայն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը՝ նախագահ Ժոան Լապորտայի համաձայնությամբ, հանգել են պարզ, բայց կարևոր որոշման՝ չդիմել հապճեպ ու ժամանակավոր լուծումների։ Ակումբում պատրաստ չեն աստղաբաշխական գումարներ վճարել մի հարձակվողի համար, որը հաջողության երաշխիքներ չի տալիս։ Ներքին կանոնը հստակ է՝ ոչ մի խելահեղ քայլ։
Հետևաբար, եթե Ալվարեսի գործարքում անսպասելի շրջադարձ չլինի, «Բարսելոնան» առաջիկա ամիսներին նոր «9» համարի չի հրավիրի և այս տարբերակին կվերադառնա արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այնուամենայնիվ, ակումբը մինչև վերջին պահը աշխատավարձային ֆոնդում ազատ տարածք կպահպանի՝ հրաշքի հույսով։ Քանի դեռ կա նույնիսկ չնչին հավանականություն, «Բարսելոնան» պատրաստ կլինի գրանցել արգենտինացուն։
Կարճաժամկետ հեռանկարում սա Ֆլիկի համար խնդիր չէ, և այս որոշումը համարվում է ամենատրամաբանականը։ Ներկայիս «Բարսելոնան» ունի ռեսուրսներ և խիստ բազմակողմանի հարձակվողներ։ Լամին Յամալն արդեն խաղացել է որպես կենտրոնական հարձակվող երիտասարդական թիմերում, նորեկ Գորդոնը նույնպես կարող է զբաղեցնել այդ դիրքը, Ռաֆինյան հաջողությամբ կատարեց կենտրոնական հարձակվողի դերը «Էլչեի» դեմ խաղում, իսկ երիտասարդ եգիպտոսցի Համզան ապացուցել է, որ ունի ռմբարկուական հիանալի բնազդ։
Մեծ գումարներ ծախսելը միշտ չէ, որ խնդրի լուծում է։ Մինչև հունվար մնացել է մրցաշարային երեք ամիս՝ հաշվի առնելով սեպտեմբերին հավաքականների խաղերով պայմանավորված երկարատև դադարը, և տարեսկզբին իրավիճակը կարող է բոլորովին այլ լինել։ Ով գիտե, միգուցե այն ժամանակ Ալվարեսն արդեն հասանելի լինի։
Այսպիսով, եթե Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարներ Սերեսոն ու Խիլ Մարինը չփոխեն իրենց դիրքորոշումը, «Բարսելոնան» պարզապես հանուն տրանսֆերի նոր հարձակվող չի գնի: Ի վերջո, կատալոնացիներն առաջին թիմը չեն լինի, որը Չեմպիոնների լիգան կհաղթի առանց արտահայտված կենտրոնական հարձակվողի: Պեպ Գվարդիոլան և Լուիս Էնրիկեն ժամանակին արդեն ապացուցել են, որ ամեն ինչ հաղթելու համար միշտ չէ, որ դասական «9» համար է պետք։
























































