Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լոթար Մատեուսը բացատրել է, թե ինչու է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին համարում 2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը։
«Հարին չխաղաց շաբաթ՝ օգոստոսի 15-ին, «Լայպցիգի» դեմ, իսկ այսօր նա ստացավ «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես Եվրոպայի լավագույն ռմբարկու։ Ինձ համար նա նաև «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։ Ես գնահատում եմ ամբողջ տարին, այլ ոչ թե միայն մեկ խաղ կամ աշխարհի առաջնությունը։
Մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ «Բարսելոնայի» հետ հաղթեցին Իսպանիայի առաջնությունը և իրենց հավաքականների հետ՝ աշխարհի առաջնությունը, բայց արդյոք նրանց մեջ կար մե՞կը, ով առանձնանում էր բոլորի ֆոնին։ Լամին Յամալի դեպքում, կարծում եմ, ոչ։
Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ հաղթեց MLS-ում, որն այնքան էլ ուժեղ լիգա չէ, որքան եվրոպականները։ Աշխարհի առաջնությունում նա դարձավ 8 գոլի հեղինակ, բայց նաև չիրացրեց երկու 11-մետրանոց։ Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ հասավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ, սակայն «Ռեալի» հետ տիտղոս չնվաճեց։ Նույնը կարելի է ասել նաև անգլիացի Ջուդ Բելինգհեմի մասին»։
Նա «Բավարիայի» հետ նվաճել է երկու ներքին տիտղոս: Նրա միակ թերությունն այն է, որ դուրս չեկավ ԱԱ-ի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Մնացած առումներով նա ցուցադրել է ֆանտաստիկ խաղ, և, ըստ իս, չի ունեցել ոչ մի թույլ ժամանակահատված։ Նա և Ռոդրին այն ֆուտբոլիստներն են, որոնց փոխարեն խոսում է խաղադաշտում կատարած աշխատանքը, և նրանք չեն հայտնվում թերթերի առաջին էջերին արտախաղադաշտային սկանդալների պատճառով։ Կարծում եմ՝ հենց նա է ամենաշատն արժանի «Ոսկե գնդակին»»,- «Ոսկե գնդակի» 1990 թվականի դափնեկրի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե գնդակի» հոբելյանական՝ 70-րդ մրցանակաբաշխության արարողությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է Լոնդոնում։ Միջոցառումը կայանալու է հոկտեմբերի 26-ին։



























































