Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը չի հրաժարվում «Բարսելոնա» տեղափոխվելու իր մտադրությունից և շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է լրագրող Վիկտոր Նավարոն, արգենտինացու ներկայացուցիչները տեղեկացրել են «կապտանռնագույններին», որ ֆուտբոլիստը մտադիր է առաջիկայում հանդիպել «ներքնակագործների» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինի հետ՝ իր հնարավոր տրանսֆերը քննարկելու նպատակով։ Սպասվում է, որ հարձակվողը ևս մեկ անգամ կբարձրաձայնի կատալոնական ակումբ տեղափոխվելու իր ցանկության մասին։
Ավելի վաղ Խուլիան Ալվարեսն այս հարցի շուրջ զրուցել էր նաև թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, սակայն արգենտինացի մասնագետը հասկացրել է, որ ոչ մի կերպ չի կարող աջակցել իր հայրենակցին ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, «Ատլետիկոյի» ղեկավարությունը շարունակում է հրաժարվել «Բարսելոնայի» հետ որևէ բանակցություն վարելուց։
























































