ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած UFC 330 մրցաշարում կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը (29-1) ոչ միայն հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը, այլև գրեց նոր պատմություն: Գլխավոր մենամարտում ռուսաստանցի մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ (49-46, 49-46, 48-47) հաղթանակ տարավ իռլանդացի Իեն Մաչադո Գերիի (17-2) նկատմամբ՝ մարտը հասցնելով մինչև վերջին՝ հինգերորդ ռաունդ։
Այս հաջողությունը Մախաչևի համար 17-րդն էր անընդմեջ UFC-ում: Այս ցուցանիշով նա շրջանցեց լեգենդար բրազիլացի Անդերսոն Սիլվայի պատմական ռեկորդը (16 անընդմեջ հաղթանակ)՝ դառնալով պրոմոուշենի պատմության ամենաերկար հաղթական շարք ունեցող մարզիկը:
Իռլանդացի Գերին նախապես համարվում էր բավականին վտանգավոր մրցակից՝ հաշվի առնելով նրա հասակը, հարվածային տեխնիկան և տարածություն զգալու ունակությունը։ Սակայն Մախաչևն ի սկզբանե նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։
Առաջին ռաունդում չեմպիոնն աչքի ընկավ հաջող թեյքդաունով և ցանցի մոտ վստահ վերահսկողությամբ, թեև լուրջ վնասվածքներ մրցակցին չհասցրեց:
Երկրորդ ռաունդում գրանցվեց մենամարտի ամենավառ դրվագներից մեկը. Մախաչևը ճշգրիտ ու հզոր «հայ-քիքով» նոկդաունի ենթարկեց իռլանդացուն, ապա տպավորիչ նետումով տեղափոխեց պարտեր՝ փորձելով խեղդող հնարք կիրառել:
Երրորդ և չորրորդ ռաունդներն աչքի ընկան ավելի համառ պայքարով: Գերին կարողացավ պաշտպանվել տեղափոխումներից, լավ աշխատեց կլինչում և անգամ մի քանի վտանգավոր հարված հասցրեց չեմպիոնի դեմքին: Շատերի կարծիքով՝ այս հատվածում իռլանդացին կարողացավ իրավիճակը հավասարեցնել:
Վճռորոշ հինգերորդ ռաունդում Մախաչևը վերջնականապես կոտրեց մրցակցի դիմադրությունը՝ արագ տեղափոխելով նրան պարտեր, հայտնվելով թիկունքում և տոտալ վերահսկողություն պահպանելով մինչև գոնգի հնչելը:
Հաղթելով Գերիին՝ Մախաչևը պրոֆեսիոնալ MMA-ում իր հաղթանակների թիվը հասցրեց 29-ի՝ հավասարվելով հայրենակից, նախկին անպարտելի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի ցուցանիշին: UFC-ում Իսլամն արդեն 11 տարի է՝ չի ճաշակել պարտության դառնությունը:
«Մենք ապացուցեցինք, որ աշխարհում առաջինն ենք։ Բոլոր ռեկորդները կգերազանցենք», — մարտից անմիջապես հետո կուլիսներում հայտարարել է չեմպիոնը:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ 34-ամյա մարզիկը նշել է, որ ցանկանում է հաջորդ մենամարտը անցկացնել մինչև Ռամադան ամիսը (հավանաբար՝ 2026-ի վերջին կամ 2027-ի հունվարին).
«Արդեն 20 տարեկան չեմ, պետք է հնարավորինս շուտ մենամարտեմ: Քաշի կտրուկ նվազեցման խնդիր չունեմ, լուրջ վնասվածքներ ևս չկան, գուցե միայն քիթս ստուգելու կարիք լինի»:
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հետխաղյա ասուլիսի ժամանակ չի թաքցրել հիացմունքը՝ ընդգծելով.
«Եթե Մախաչևն իր կարիերայում այն մեկ պարտությունը չունենար, նրան միանշանակ կարելի էր համարել MMA-ի պատմության մեծագույն մարզիկը»:
Islam Makhachev def. Ian Machado Garry via unanimous decision (49-46, 49-46, 48-47)#UFC330 pic.twitter.com/xpfmVRaqw0
— Dovy🔌 (@DovySimuMMA) August 16, 2026


























































