Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմից» Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ջեդ Սփենսի տեղափոխության մասին։
Անգլիացի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։
«Հզոր, տեխնիկապես օժտված եզրային պաշտպան, որը հիանալի է գործում մեկը մեկի դեմ պայքարում և ունի տպավորիչ արագություն։ Սփենսը խաղում է մեծ էներգիայով և ընդգծված հարձակվողական ոճով։ Նա միշտ պատրաստ է առաջ նետվել և պայքարել մրցակցի հետ, բայց միևնույն ժամանակ ունակ է տպավորիչ գործողությունների պաշտպանությունում։
Դա նա ապացուցեց աշխարհի առաջնության ժամանակ՝ Արգենտինայի դեմ խաղում հիանալի սահանկում կատարելով Ջուլիանո Սիմեոնեի դեմ պայքարում։
Հանգստությունն ու ինքնատիրապետումը նրա բնավորության որոշիչ գծերն են. հատկանիշներ, որոնք նա ժառանգել է ընտանիքից և որոնք արտացոլվում են նաև նրա խաղում։ Նա գիտի, թե երբ է պետք պայքարի մեջ մտնել, իսկ երբ՝ պաշտպանողական դիրք ընդունել:
Ուժի և վերահսկողության, բնազդի և ինքնատիրապետման հենց այս հավասարակշռությունն է Ջեդ Սփենսին դարձնում ունիվերսալ խաղացող՝ ունակ դրսևորելու իրեն խաղադաշտի երկու կեսերում էլ»,- նշված է «Ինտերի» պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ։
Ավարտված մրցաշրջանում 26-ամյա Սփենսը լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Ինչ վերաբերում է 2026 թվականի աշխարհի առաջնությանը, ապա պաշտպանն Անգլիայի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։



























































