Նիգերիական «Կատսինա Յունայթեդի» պաշտպան Չինեդու Օզորը, ով ավելի վաղ բժիշկների կողմից մահացած էր ճանաչվել, դիահերձարանում կենդանության նշաններ է ցույց տվել և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ Օզորը գիտակցությունը կորցրել է «Նիգեր Տորնադոսի» դեմ նախամրցաշրջանային հանդիպման ժամանակ։ Բժիշկները զննել են ֆուտբոլիստին և եզրակացրել, որ նա մահացել է։ Սակայն ավելի ուշ, արդեն դիահերձարանում, խաղացողը կենդանության նշաններ է ցույց տվել՝ շարժելով ձեռքը։
Նիգերիացուն անմիջապես տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այժմ բժիշկները պայքարում են ֆուտբոլիստի կյանքի համար և փորձում կայունացնել նրա վիճակը։
Ուշագրավ է, որ ակումբն արդեն հասցրել էր պաշտոնական ցավակցություն հայտնել Օզորի ընտանիքին և մերձավորներին։
Հիշեցնենք, որ 27-ամյա Օզորը Նիգերիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Կատսինա Յունայթեդ» էր տեղափոխվել այս տարվա հուլիսին։ Նախորդ մրցաշրջանում նա Նիգերիայի առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
























































