Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հաղորդում է իսպանական Diario Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» լրջորեն հետաքրքրված են 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերով։ Կունդեի խաղը շատ է հավանում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, սակայն լոնդոնյան ակումբին առայժմ չի հաջողվել առաջընթաց գրանցել այս գործարքում։
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք ունի։ Այնուամենայնիվ, ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում հեռանալ «կապտանռնագույնների» ճամբարից։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































