Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խիստ զայրացած է ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պահվածքից՝ կապված կատալոնական «Բարսելոնա» իր հնարավոր տեղափոխության հետ։ Այս մասին հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին 26-ամյա արգենտինացին ժամանել է ակումբի մարզաբազա և բուժզննում անցել։ Ալվարեսը նպատակ է ունեցել անձամբ քննարկել «Բարսելոնա» տեղափոխության հարցը Սիմեոնեի հետ, սակայն պարզել է, որ հենց այդ նույն օրը արգենտինացի մասնագետը մեկնել է Իբիցա։
Ֆուտբոլիստը փորձել է հանդիպել նաև «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլի հետ, ով ևս բացակայել է աշխատավայրից։
Ալվարեսը կարծում է, որ Սիմեոնեն պարզապես խուսափել է իր հետ հանդիպումից, և նրան չի բավականացրել համարձակությունը՝ քննարկելու հարձակվողի հնարավոր հեռանալու հարցը։
Իսպանական պարբերականը պնդում է, որ ֆուտբոլիստն արդեն իսկ վերջնագիր է ներկայացրել մարզաբազայում՝ բացահայտ հայտարարելով, որ գալիք մրցաշրջանում «Ատլետիկոն» իր վրա հույս չդնի:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Խուլիան Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

























































