Իտալական Ուդինե քաղաքում ավարտվել է «Friuli Venezia Giulia Cup» միջազգային ընկերական մրցաշարը, որի հաղթող է դարձել տեղի «Ուդինեզեն»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս յուրահատուկ մրցաշարին մասնակցում էր երեք թիմ՝ «Բարսելոնան», «Ուդինեզեն» և անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը»։ Թիմերն անցկացրին երկուական հանդիպում, որոնցից յուրաքանչյուրը տևեց ընդամենը 45 րոպե։
Մրցաշարի մեկնարկային խաղում «Ուդինեզեն» Ումար Սոլեի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության էր մատնել «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Երկրորդ խաղում արդեն «Բարսելոնան» էր նույն՝ նվազագույն հաշվով հաղթել անգլիական ակումբին. կատալոնացիների կազմում միակ գոլը 11-մետրանոցից հեղինակել էր Ռաֆինյան։
Այսպիսով, եռակողմ մինի-մրցաշարի հաղթողի կոչումը վիճարկվեց «Ուդինեզե» – «Բարսելոնա» վճռորոշ դիմակայությունում։ Հանդիպման ելքը վճռվեց ամենավերջին վայրկյաններին։ 45-րդ րոպեին աչքի ընկավ իտալական ակումբի հարձակվող Վակուն Բայոն՝ 1:0 հաշվով հաղթանակ և մրցաշարի գավաթը պարգևելով «Ուդինեզեին»։
























































