Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում կայանալու է UFC 331 խառը մենամարտերի մրցաշարը։ Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում (մինչև 70,3 կգ) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (23-3) և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի (14-2) դիմակայությունն է:
Բուքմեյքերներն արդեն հրապարակել են սպասվող մենամարտի գործակիցները՝ առանձնացնելով հանդիպման բացահայտ ֆավորիտին:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաղթելու շատ ավելի մեծ շանսեր ունի Արման Ծառուկյանը։ Հայ մարտիկի հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.25, մինչդեռ Ռուֆիի հնարավոր հաղթանակը գնահատվում է բավականին բարձր՝ 4.00 գործակցով։ Ամերիկյան համակարգով այն ունի հետևյալ տեսքը՝ Ծառուկյան (-400, այսինքն՝ 100 դոլար մաքուր շահույթ ստանալու համար պետք է դնել 400), Ռուֆի (+300, 100 դոլարի խաղադրույքի դեպքում մաքուր շահույթը կկազմի 300 դոլար):
Նշենք, որ Արման Ծառուկյանն այս պահին ունի 5 անընդմեջ հաղթանակից բաղկացած տպավորիչ շարք, սակայն սա նրա առաջին ելույթն է լինելու 2026 թվականին։ Իր նախորդ մենամարտը նա անցկացրել է անցյալ տարվա նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։
Մաուրիսիո Ռուֆիի համար, հակառակը, սա կլինի արդեն երրորդ մենամարտը 2026 թվականին։ Բրազիլացին նախորդ երկու դիմակայություններում վստահ հաղթանակներ է տարել՝ ժամանակից շուտ կանգնեցնելով այնպիսի վտանգավոր մրցակիցների, ինչպիսիք են Ռաֆայել Ֆիզիևն ու Մայքլ Չենդլերը։
Հավելենք, որ UFC 331-ի գլխավոր իրադարձությունը կլինի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Ջոշուա Վանի և նախկին չեմպիոն Ալեշանդրե Պանտոժայի ռևանշ մենամարտը։




























































