«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին կրկին խնդրել է ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն։ Ինչպես X սոցիալական ցանցում հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, իսպանացին ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։
Լրագրողի տեղեկություններով՝ Ռոդրին ակտիվորեն պնդում է կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում։ «Բարսելոնան» իր հերթին շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու նպատակով։ Սպասվում է, որ ակումբների միջև բանակցությունների հերթական փուլը կկայանա այսօր` օգոստոսի 8-ին։
Ընդ որում, ըստ Սկիրայի, Ռոդրին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 15 միլիոն եվրո։
Այժմ կատալոնական ակումբին մնում է տրանսֆերային արժեքի շուրջ համաձայնության գալ «քաղաքայինների» հետ։

























































