Marca-ի լրագրող Մատեո Մորետտոյի փոխանցմամբ՝ Ռոդրին համաձայնեցրել է ֆինանսական պայմանները «Բարսելոնայի» հետ։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը հոգնել է սպասելուց, որ «Ռեալ Մադրիդը» վճռական քայլ կանի բանակցություններում։ «Բարսելոնան» վստահեցրել է ֆուտբոլիստին, որ պատրաստ է ակտիվորեն երկխոսել անգլիական ակումբի հետ նրա տրանսֆերի վերաբերյալ։ Կատալոնացիները պաշտոնապես կկապվեն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա ժամերին։
Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ մոտ 60-70 միլիոն եվրոյի առաջարկը կարող է բավարար լինել «Սիթիի» պահանջները բավարարելու համար։
Լրագրողը նշում է, որ Ռոդրին նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա», քան «Ռեալ Մադրիդ», ինչի մասին տեղյակ են և՛ «Մանչեսթեր Սիթին», և՛ մադրիդյան ակումբը։ 30-ամյա կիսապաշտպանը վստահ է, որ կարող է լիովին համապատասխանել «Բարսելոնայի» խաղաոճին։
Այժմ «Բարսելոնան» պետք է գտնի անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները՝ գործարքն ավարտին հասցնելու համար։
























































