Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում՝ նպատակ ունենալով թիմի կազմը համալրել նոր տաղանդով, ինչպես նաև երաշխավորել առանցքային ֆուտբոլիստների ապագան ակումբում:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «արքայական» ակումբը մոտ է գերխոշոր գործարք ավարտին հասցնելուն։ Ըստ պարբերականի գերմանական մասնաճյուղի լրագրող Ֆիլիպ Հինցեի տեղեկությունների՝ «Լայպցիգի» 19-ամյա վինգեր Յան Դիոմանդեի տեղափոխությունը «Ռեալ» կարող է արժենալ մինչև 120 մլն ֆունտ ստեռլինգ՝ բոլոր բոնուսների ակտիվացման դեպքում:
Իսպանական գրանդը պատրաստ է վճարել 107 մլն ֆունտ երաշխավորված գումար։ Գործարքում ներառված են նաև հեշտ իրագործելի հավելավճարներ, որոնք ընդհանուր գումարը կհասցնեն շուրջ 116 միլիոնի, իսկ ևս 4 միլիոնը նախատեսված է որպես ավելի բարդ հասանելի բոնուսներ: Նշվում է, որ կողմերը գրեթե ավարտել են բանակցությունները, և մնացել է լուծել միայն վերջնական ձևականությունները։
Զուգահեռաբար, մադրիդցիները զբաղված են թիմի առաջատար Վինիսիուս Ժունիորի պայմանագրի երկարաձգմամբ։ Բրազիլացին արդեն հանդիպել է ակումբի ղեկավարության հետ, և, աղբյուրի հաղորդմամբ, սպասվում է, որ նա կշարունակի մնալ Մադրիդում։ Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը», հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլիստը թևակոխել է իր գործող պայմանագրի վերջին տարին։
























































