Կատալոնական «Բարսելոնան» չի անցկացնի նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում Անգլիայում նախատեսված վերջին ընկերական հանդիպումը: Անգլիական «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղը, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 3-ին, պաշտոնապես չեղարկվել է: Այս մասին հայտնում է Sport.es պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ նման որոշման պատճառն անգլիական ակումբում տիրող կադրային իրավիճակն է։ Հիմնական կազմի ֆուտբոլիստների պակասի պատճառով «Պրեստոնը» կատալոնացիներին առաջարկել է խաղն անցկացնել իրենց երիտասարդական թիմի դեմ, սակայն «Բարսելոնայում» հրաժարվել են այդ տարբերակից։
Այդ հանդիպման փոխարեն «կապտանռնագույնները» որոշել են օրը տրամադրել մարզումային գործընթացին՝ առանց հավելյալ ստուգողական հանդիպման եզրափակելով նախապատրաստական փուլի անգլիական հատվածը:
Նշվում է, որ «Պրեստոնն» այս քայլին է դիմել հաջորդ շաբաթ «Հադերսֆիլդի» դեմ սպասվող գավաթային հանդիպման պատճառով։ Անգլիական ակումբում նախընտրել են պաշտոնական մրցելույթներից առաջ ռիսկի չենթարկել հիմնական կազմի խաղացողներին։



























































