Մարկուս Ռեշֆորդի իսպանական արկածներն ավարտվեցին: Անգլիացի հարձակվողը պաշտոնապես հրաժեշտ է տվել «Բարսելոնային» վարձակալության ժամկետի ավարտից հետո և վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ պատրաստվելով Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին։ Սակայն նրա ապագան «Օլդ Թրաֆորդում» դեռևս վերջնականապես պարզված չէ։
Անցած մրցաշրջանը 28-ամյա Ռեշֆորդի համար բավականին արդյունավետ ստացվեց: Նա «Բարսելոնայի» կազմում անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև օգնեց թիմին նվաճել Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսն ու Իսպանիայի Սուպերգավաթը:
Չնայած այս ցուցանիշներին և անգլիացու՝ աշխատավարձի նվազեցման գնալու պատրաստակամությանը, կատալոնական ակումբը որոշեց չակտիվացնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մոտ 30 մլն եվրոյով գնելու օպցիան։ Պատճառը ֆինանսական խնդիրներն ու այլընտրանքային տարբերակներն էին: Այս ամառ «Բարսան» արդեն համալրել է հարձակման գիծը՝ 70 մլն եվրոյով ձեռք բերելով Էնթոնի Գորդոնին և 22 մլն եվրոյով՝ Քարիմ Ադեյեմիին:
«Ես շատ երախտապարտ եմ ակումբի բոլոր անդամներին իմ այստեղ գտնվելու ժամանակահատվածն այսքան դրական ու հիշարժան դարձնելու համար: Ես վայելել եմ ամեն պահ և ինձ հետ տանում եմ բազմաթիվ յուրահատուկ հիշողություններ», — սոցիալական ցանցերում գրել է Ռեշֆորդը:
Կատալոնական ակումբը X-ի իր պաշտոնական էջում նույնպես ջերմորեն ճանապարհել է ֆուտբոլիստին.
«Մենք վայելեցինք քեզ հետ անցկացրած ամեն րոպեն, Ռեշի: Հաջողություն քո նոր գլխում»։
Սպասվում է, որ օգոստոսի սկզբին Ռեշֆորդը կմիանա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներին Քարինգթոնում՝ նախապատրաստվելով օգոստոսի 22-ին «Հալ Սիթիի» դեմ կայանալիք Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրին:
Նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի օրոք Ռեշֆորդը կորցրել էր իր տեղը հիմնական կազմում, սակայն թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկի գալուստը կարող է փրկօղակ դառնալ նրա համար: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներ Փոլ Ինսն ու Ուես Բրաունը համոզված են, որ հենց Կարրիկը կարող է վերակենդանացնել հարձակվողի կարիերան։
Փոլ Ինս. «Կարծում եմ՝ Կարրիկը կարող է քաղել առավելագույնը նրանից: Եթե Մայքլն ուղղակի գրկի նրան ու ասի՝ «Լսի՛ր, դու ինձ պետք ես այս ակումբում, սա քո դիրքն է, և ահա թե ինչ պետք է անես», մենք կրկին կտեսնենք հիանալի Ռեշֆորդի»։
Ուես Բրաուն. «Վստահ եմ, որ Կարրիկը ուրախ կլինի նրա վերադարձին, քանի որ դա լրացուցիչ ընտրության հնարավորություն է տալիս: Թեև Մարկուսը կնախընտրեր մնալ «Բարսայում», նրա ներկայությունը մեծապես կօգնի թիմին այս մրցաշրջանում»։
Չնայած Կարիկի դրական տրամադրվածությանը՝ մանկունիացիները պատրաստ են դիտարկել Ռեշֆորդի վաճառքը, եթե ստանան մոտ 40 միլիոն եվրոյի առաջարկ՝ պայմանով, որ նա չի տեղափոխվի անգլիական մրցակից ակումբ:
Իտալական Gazzetta dello Sport-ի համաձայն՝ Ռեշֆորդը կարող է օգտագործվել որպես գործարքի մաս «Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեի տրանսֆերը ձեռք բերելու համար: Կոնեի արժեքը գնահատվում է մոտ 51 մլն ֆունտ, և հռոմեացիները դեմ չեն լինի իրենց կազմում տեսնել անգլիացուն:
Միակ խոչընդոտը Ռեշֆորդի բարձր աշխատավարձն է, ինչի պատճառով իտալական ակումբը կարող է դիտարկել միայն վարձակալության տարբերակը, ինչը քիչ հավանական է թվում անգլիական կողմի համար:




























































