Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդն արձագանքել է շրջանառվող այն լուրերին, թե Մադրիդի «Ռեալը» փորձում է ձեռք բերել մյունխենյան ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Մայքլ Օլիսեին։
«Օլիսե՞ն և Մադրիդի «Ռեա՞լը»։ Դա մեզ համար ընդհանրապես քննարկման թեմա չէ։ Այս մրցաշրջանում նա կրկին կարևոր դեր է խաղալու «Բավարիայի» կազմում»,- մյունխենցիների մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ ներկայումս «արքայական» ակումբի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է «Լայպցիգի» վինգեր Յան Դիոմանդեի տրանսֆերի վրա, որի ձեռքբերման համար իսպանական գրանդն արդեն արել է իր առաջին առաջարկը։
Հավելենք, որ 24-ամյա Օլիսեի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 170 միլիոն եվրո։
























































