Կատալոնական «Բարսելոնայում» չեն նախատեսում ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին անգլիական աղբյուրները, «կապտանռնագույնները» կապ էին հաստատել 32-ամյա աստղի ներկայացուցիչների հետ։ Սակայն, ըստ իսպանական Diario Sport պարբերականի տեղեկությունների, կատալոնական ակումբում Քեյնին չեն դիտարկում որպես տրանսֆերային թիրախ՝ չնայած շրջանառվող ասեկոսեներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հարցում է արել անգլիացի հարձակվողի վերաբերյալ, սակայն ֆուտբոլիստի շրջապատից հստակ հասկացրել են, որ նա մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»։ Դրանից հետո կատալոնական գրանդի հետաքրքրությունը խաղացողի նկատմամբ մարել է։
Նշվում է, որ «Բարսելոնայի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որի տեղափոխությունը կարող է արժենալ շուրջ 150 միլիոն եվրո։



























































