Բրազիլիայի ազգային հավաքականի, «Բարսելոնայի» և «Միլանի» լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ։ 46-ամյա բրազիլացին համաձայնության է եկել Իտալիայի Սերիա C-ում հանդես եկող «Ռավեննա» ակումբի հետ, հայտնում է հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականը։
Համագործակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը սպասվում է հունիսի 23-ին Մայամիում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, որտեղ կներկայացվի նաև ակումբի նոր մարզահագուստը։
«Նոր գույներ, նույն ժպիտը։ Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կրկին կսկսեմ հրաշքներ գործել գնդակով և նոր պատմություն կկերտեմ Ինյացիո Չիպրիանիի ու նրա ողջ ընտանիքի հետ։ Ֆուտբոլն ինձ միշտ ուրախություն է պարգևել, և ես ցանկանում եմ այդ ոգով կիսվել «Ռավեննայի» հետ»,- նշել է Ռոնալդինյոն։
Ակումբի նախագահ Ինյացիո Չիպրիանին Ռոնալդինյոյի տեղափոխությունն անվանել է «անհավանական իրադարձություն» ողջ իտալական ֆուտբոլային համակարգի համար։ Սպասվում է, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնը թիմին կմիանա արդեն նախամրցաշրջանային հավաքի ժամանակ և նոր մրցաշրջանի նախապատրաստության հենց առաջին օրերից կլինի մարզչական շտաբի տրամադրության տակ։
Նախորդ մրցաշրջանում «Ռավեննան» մոտ էր դասակարգման բարձրացմանը, իսկ այժմ նպատակ ունի պայքարել Սերիա B-ի ուղեգրի համար՝ իր կազմում ունենալով 21-րդ դարի ամենավառ ֆուտբոլիստներից մեկին։
Չնայած այն հանգամանքին, որ մարտին Ռոնալդինյոն դարձել է 46 տարեկան, նա լիովին պատրաստ է կրկին փորձել իր ուժերը պաշտոնական հանդիպումներում։




























































