Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Փյունիկի» մարզադպրոց։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին դիմավորել են «նռնագույնների» մեծ թվով սաներ:
Այցը կայանում է հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի և ֆուտբոլային ուղու վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչներն ու մյուս մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նրա հոր՝ Համլետ Մխիթարյանի հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայկական ֆուտբոլի նշանավոր ներկայացուցչի հիշատակը:
Այնուհետև երևանյան ակումբի համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողել է իր ձեռքի և ոտքի հետքերը:


























































