Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն շրջանցել է Օլիվիե Ժիրուին՝ դառնալով Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Այժմ Մբապեի ակտիվում կա 58 գոլ, մինչդեռ ֆրանսիական «Լիլը» ներկայացնող Ժիրուն ազգային թիմում աչքի է ընկել 57 անգամ:
Ֆրանսիայի հավաքականի արդեն նախկին ռեկորդակիր Ժիրուն, որն այժմ նահանջել է ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնական, մեկնաբանել է Մբապեի նվաճումը.
«Շնորհավորում եմ, Կիլիան, դու արեցիր դա: Ես շատ ուրախ եմ նրա համար: Նա լավ երկրորդ խաղակես անցկացրեց, հիանալի համագործակցեց Մայքլ Օլիսեի հետ: Կիլիանը թիմին առաջ շարժվելու ուղին ցույց տվեց»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում BBC One-ը:
Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականը աշխարհի առաջնության շրջանակում 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Սենեգալի նկատմամբ: Մունդիալում ֆրանսիացիներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 23-ին՝ ուժերը չափելով Իրաքի ընտրանու հետ:























































