«Մալյորկայի» եզրային հարձակվող Յան Վիրջիլին հնարավոր է կրկին հագնի «Բարսելոնայի» մարզաշապիկը:
Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդիպում է ունեցել իր նախկին ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 19-ամյա խաղացողի ապագան Լա լիգայից «Մալյորկայի» դուրս մնալուց հետո: Բանն այն է, որ «կապտանռնագույններին» է շարունակում պատկանել Վիրջիլիի տրանսֆերային իրավունքների 40 տոկոսը, և ակումբը հնարավորություն ունի գնելու մնացած մասը 7,2 միլիոն եվրոյի դիմաց: Նշվում է, որ անձամբ երիտասարդ վինգերը մեծ ցանկություն ունի շարունակելու ելույթները Իսպանիայի առաջնությունում:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Վիրջիլին բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 34 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ հարված և 6 գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:




























































