Կատալոնական «Բարսելոնան» ավելի քան 1 մլն եվրո կստանա Լոնդոնի «Չելսիի» 27-ամյա պաշտպան Մարկ Կուկուրելյայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը:
ՖԻՖԱ-ի գործող կանոնակարգի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային ընդհանուր արժեքի 5%-ը որպես համերաշխության վճար բաշխվում է այն ակումբների միջև, որոնք իրենց լուման են ունեցել խաղացողի կրթման և զարգացման գործում։ Այս կանոնի կիրառման արդյունքում կատալոնական ակումբի բյուջեն կհամալրվի 1,35 մլն եվրոյով։
Մարկ Կուկուրելյան կատալոնական հռչակավոր «Լա Մասիա» ակադեմիայի սան է։ Նա վեց տարի (14-ից մինչև 20 տարեկան) անցկացրել է «Բարսելոնայի» երիտասարդական համակարգում, ինչի շնորհիվ ակումբը դարձել է այս տրանսֆերից փոխհատուցում ստացող հիմնական կողմերից մեկը:
Նշվում է, որ բացի «Բարսելոնայից», համապատասխան վճարումներ կստանան նաև իսպանական «Էսպանյոլն» ու «Խետաֆեն», ինչպես նաև անգլիական «Բրայթոնը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր Մարկ Կուկուրելյայի տրանսֆերի մասին. մադրիդյան ակումբը գործարքի համար վճարել է 60 մլն եվրո:
Ներկայումս ֆուտբոլիստը գտնվում է Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում և մասնակցում է 2026 թվականի աշխարհի առաջնությանը:
























































