Հունիսի 1-6-ը թենիսի «Արարատ» ակումբում անցկացվեց Հրաչյա Իսրայելյանի անվան միջազգային հուշամրցաշարը (ITF J30)։
Մրցաշարին մասնակցել են մինչև 18 տարեկան 32 տղա և 32 աղջիկ թենիսիստ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից՝ Ռուսաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլն։
«Մասնակիցների մեծ թվով պայմանավորված՝ մայիսի 29-31-ին անցկացվել է որակավորման փուլ, որի հաղթողները նվաճել են մրցաշարի հիմնական փուլին մասնակցելու իրավունք»,- նշեց թենիսի «Արարատ» ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանը, ով նաև մրցաշարի տնօրենն է։ Նա նաև ավելացրեց, որ մրցաշարը վարկանիշային է, և դա շատ կարևոր է, քանի որ մասնակիցները մոտիվացված են վարկանիշային միավորներ ձեռք բերելու։
Նշենք, որ սա ITF-ի առաջին մրցաշարն է, որն անցկացվել է թենիսի «Արարատ» ակումբում։
«Ունեցել ենք միջազգային, եվրոպական մրցաշարեր, սովորաբար ավելի ցածր տարիքային կատեգորիաներում, բավականին ընդգրկուն։ Այս մրցաշարից առաջ 16 տարեկանների երկու միջազգային մրցաշար անցկացրեցինք։ Եվս մեկ շաբաթ մրցաշար ունենք, այնպես որ, մեզ մոտ բավականին հետաքրքիր, միջազգային մրցաշարերով հագեցած ժամանակաշրջան է»,- ավելացրեց Էդուարդ Սանամյանը։
Հրաչյա Իսրայելյանի անվան միջազգային հուշամրցաշարն անցկացվեց փլեյ-օֆֆ ձևաչափով՝ ինչպես մենախաղերում, այնպես էլ զուգախաղերում։ Եզրափակիչ հանդիպումները կայացան հունիսի 5-ին և 6-ին։




























































