Իսպանական «Բետիսի» սպորտային տնօրեն Մանու Ֆախարդոն Sport24-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
«Սպերցյանը թոփ խաղացող է, բայց մենք չենք հետաքրքրվում այս ֆուտբոլիստով»,- նշել է Ֆախարդոն։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի գլխավոր թիմում հանդես է գալիս 2018 թվականից։ 2025/26 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում Էդուարդը դարձել է 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։ Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև, որ Սպերցյանը մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելուն։
Ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարը» 66 միավորով զբաղեցրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն չեմպիոն հռչակված Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» (68): Լավագույն եռյակը եզրափակեց Մոսկվայի «Լոկոմոտիվը» (53): Նախորդ՝ 2025 թվականին «ցլերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվել էին Ռուսաստանի չեմպիոն։
























































