Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ։
Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այս պահին կատալոնական ակումբը պատրաստում է Ալվարեսի տրանսֆերի վերաբերյալ իր առաջին պաշտոնական առաջարկը։ Ընդ որում՝ ընդգծվում է, որ «կապտանռնագույնները» մտադիր չեն գործարքի մեջ ներառել իրենց ֆուտբոլիստներից որևէ մեկին՝ ի հեճուկս մամուլում ավելի վաղ շրջանառվող այն լուրերի, թե սպասվում է խաղացողների փոխանակում։
Ավարտված մրցաշրջանում 26-ամյա Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ օրերս «Բարսելոնան» հաջողությամբ համաձայնեցրել է նաև անգլիական «Նյուքասլի» եզրային հարձակվող Էնթոնի Գորդոնի տեղափոխությունը, որի տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 70-80 միլիոն եվրո։



























































